«Тройка Диалог» ընկերությունը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարող է Daimler ընկերության հետ բանակցություններ սկսել КАМАЗ-ի բաժնետոմսերի մինչև 27%-ը վաճառելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է «Тройка Диалог» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Սկվարցովը Россия-2011 ֆորումի ժամանակ:
Նա ասել է, որ այս պահին այդ թեմայով բանակցություններ չեն գնում: 2010-ի հունիսին Սկվարցովը հայտարարել էր, որ մինչև 2016 թ. «Тройка Диалог»-ը կվաճառի КАМАЗ բաց բաժնետիրական ընկերության իր բաժնետոմսերի հիմնական մասը, ընդ որում՝ նա ասել էր, որ առավելությունը տրվելու է գերմանական Daimler AG-ին:
Նրա խոսքով` КАМАЗ-ի բաժնետոմսերում Daimler AG-ի բաժնեմասի մեծացումը տեղի կունենա 2 փուլով` 2011-2012 թթ. և 2013-2014 թթ.: Նշենք նաև, որ այս պահին КАМАЗ-ի բաժնետոմսերի 39%-ը պատկանում է «Тройка Диалог»-ին:
КАМАЗ ԲԲԸ-ն աշխարհի մասշտաբով գրավում է 11-րդ տեղը ծանր բեռնատարներ արտադրողների մեջ և 8-րդ տեղը` դիզելային շարժիչների արտադրության մեջ: Ընդհանուր առմամբ, ընկերությունը միավորում է 96 ձեռնարկություն: КАМАЗ-ի արտադրանքը օգտագործվում է ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 80 երկրներում: