Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 1-ի «քոմփլեմենթար» պարտակողը

Շուտով կլրանա 2008 թ. Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած սպանդի երեք տարին: «Ժամանակ» օրաթերթը ներկայացնում է իշխանության ներսում այդ օրերին գործող հիմնական ստվերային և բացահայտ դերակատարներին:

Փախուստ Սիրիայից

Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման վերջին օրերին Հայաստանի համար ամենաողբերգական իրադարձությունների ֆոնին իշխանության դեմքը փրկելու, Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների թափած արյան հետքերը մաքրելու գործում 1998-2008 թթ. Հայաստանի արտգործնախարար, այժմ` «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանն իր ուրույն դերն է ունեցել:

Վ.Օսկանյանի կերպարը լիովին ընկալելու համար նախ պետք է սկսենք նրա կենսագրության էջերից: Այսպես` Վ.Օսկանյանը ծնվել է 1955 թ. փետրվարի 7-ին, Սիրիայում: Հայտնի է, որ նա 1973-1979 թթ. կրթություն է ստացել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Մինչդեռ, Սիրիայից Հայաստան ժամանելու համար, պարզվում է, նա պատմական հայրենիքի նկատմամբ «նվիրվածությունից» զատ, մի այլ` հիմնավոր պատճառ է ունեցել:

Վ.Օսկանյանը Սիրիայում խուսափել է ծառայել բանակում, և մեր աղբյուրների համաձայն` անգամ հետախուզվել է դրա համար: Իսկ հետագայում` մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա դառնալը, Օսկանյանը համարձակություն չի ունեցել Սիրիա վերադառնալու` ընդամենը մեկ օր անցկացնելու ժամանակավոր մեկուսացման խցում և դրանով իրավական դաշտում խնդիրը կարգավորելու:

Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Վ.Օսկանյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ. 1982-1991 թթ. ուսանել է ԱՄՆ տարբեր համալսարաններում, ապա Սալբի Ղազարյանի հետ 1990-ականների սկզբին հիմնադրել է AIM ամսագիրը` Armenian International Magazine-ը: Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի օրոք Վ.Օսկանյանն աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, իսկ նրա թիմակից Սալբի Ղազարյանը` Ժիրայր Լիպարիտյանի խմբում:

Վ.Օսկանյանը ԱԳՆում Միջին Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ է եղել, ապա` Հյուսիսային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ, ԱՄՆի և Կանադայի վարչության պետ: Հետագայում` 1994-ին, նա արդեն նախարարի տեղակալ էր, 1996-ից` առաջին տեղակալ, իսկ 1998 թ. ապրիլից` Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր: Ութ տարի Վ.Օսկանյանի հատուկ օգնականը ԱԳՆում` Սալբի Ղազարյանն էր:

Օսկանյանն արագ կողմնորոշվեց

1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության միջոցով տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, որի ընթացքում սպանվեցին այն ժամանակվա քաղաքական մեծամասնության առաջնորդները` վարչապետ Վազգեն Սարսգյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Վ.Օսկանյանը կառավարության սակավաթիվ այն նախարարներից էր, ով անմիջապես կողմնորոշվեց և, ըստ էության, դարձավ Ռ.Քոչարյանի թիմի հավատարիմ անդամը և առանցքային դեմքերից մեկը:

Հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս անց Ռ.Քոչարյանի կողմից զավթած իշխանությունը ամրացնելու ճանապարհին կատարվեցին հստակ քայլեր` Սահմանադրության խախտմամբ, շրջանցելով վարչապետին, պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի պաշտոնանկությունը արդեն լուծված հարց էր: 2000-ին վարչապետ նշանակեց Անդրանիկ Մարգարյանը:

Հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը, Քոչարյանի իշխանավարման տարիներին զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները, իհարկե, իր հերթին, ամրապնդեց Քոչարյանի իշխանությունը: 2007թ. մարտի 25-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:

Ըստ էության, նրա մահը «նվեր» էր Ս.Սարգսյանին, ինչը նրան հնարավորություն տվեց իր ձեռքում կենտրոնացնել վարչական և քաղաքական համակարգի լծակները` դարձնելով նախագահի թեկնածու արդեն 2008-ի ընտրություններում:

Պետք է նշել, որ մինչև Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը, Վարդան Օսկանյանը ևս նախագահի իրավահաջորդ դառնալու հայտ էր ներկայացրել և անկեղծորեն հավատում էր դրան: Արդյո՞ք Վ.Օսկանյանի այս համոզմունքը հիմնված էր իր սեփական դատողությունների, թե՞ Ռ.Քոչարյանի կողմից տարված երկակի խաղի վրա` մնում է կռահել:

Սակայն փաստն այն է, որ երբ արդեն ակնհայտ էր, որ ապագա իշխանության համար մղվող այդ պաքարում Ս.Սարգսյանն առաջ է անցել Վ.Օսկանյանից, վերջինս շարունակում է իր ծառայությունը: Պետք է փաստել նաև, որ իշխանության ղեկին մնալու հարցում Օսկանյանը երբեք հույսը չի կորցրել:

Քոչարյանի իշխանության վերջին ամիսներին Օսկանյանը վստահ է եղել, որ նոր վարչակազմի օրոք նվազագույնը կպահպանի ԱԳ նախարարի պաշտոնը: Թերևս այդ անհեռատես համոզմունքն էր, որ նրան դրդեց ստանձնել Մարտի 1-ի սպանդը արդարացնելու և խաղաղ ցուցարարներին հանցագործությունների մեջ մեղադրելու առանցքային դերը:

Օսկանյանի առաքելությունը Մարտի 1-ից առաջ և հետո

2008 թ. նախագահական ընտրություններից առաջ` հունվարի 9-ին, հրավիրված ասուլիսում ԱԳ նախարար Վ.Օսկանյանը տարվա կարևոր իրադարձություններից մեկը նախագահական ընտրությունները համարեց` նկատելով, որ եթե «չհաջողվի անցկացնել լավ ընտրություններ, քայլ առաջ չանել խորհրդարանի ընտրությունից, ապա Հայաստանը կկորցնի միջազգային ասպարեզում այն հեղինակությունը», որն ըստ նրա` ձեռք էր բերվել 2007-ի մայիսի 12-ի ընտրությունից հետո:

 Հեղինակության կորուստը Օսկանյանը համարում էր վտանգավոր ու նշում, որ դա կթուլացնի Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում: Սակայն դրանք ընդամենը խոսքեր էին, քանի որ արդեն 2007-ի վերջին Վ.Օսկանյանը լծվել էր իշխանությունն ամեն գնով պահելուն` գիտակցելով, որ գործող իշխանությունը օրինական ճանապարհով չի կարող վերարտադրվել:

Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալի հետ հանդիպման ընթացքում Օսկանյանը նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳի դիտորդական առաքելության մասնակցության հրավերի հարցը պայմանավորել էր ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության առավել մեղմ գնահատականով: Այս պայմանավորվածության արդյունքների ականատեսը դարձանք արդեն հետընտրական շրջանում:

Այդ նույն ասուլիսում, առանց անուններ շեշտելու, Օսկանյանը նշում է, թե` «կան ուժեր, որոնք կուզեն ապակայունացնել Հայաստանը»: Տալով ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ կանխամտածված կողմնակալ և ուղղորդող գնահատական` Օսկանյանն, ըստ էության, խախտում է իր պաշտոնի իրավասությունների շրջանակը:

Փետրվարի 20-ին` նախագահական խայտառակ ընտրություններից մեկ օր անց, Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ցինիկ ուղերձով, որում նշեց. «2008թ. փետրվարի 19-ին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ և արդար, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ»:

Իսկ փետրվարի 29-ին Ռ.Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր պատկերացումները երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ: Քոչարյանը հստակ հայտարարեց, որ տեսնում է երկու տարբերակ.

«Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելուԵրկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը, և դրանով նաև ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ` այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված և հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում: Որովհետև տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են»:

Այս և դրան հետևած մի շարք այլ ելույթներով Ռ.Քոչարյանը ոչ միայն փաստացի հրապարակեց կեղծված ընտրությունների միջոցով զավթած իշխանությունն ամեն գնով պահելու իր վերջնական որոշումը և այդ նպատակով ձեռնարկվելիք քայլերը, այլ նաև իր հավատարիմ ծառաներին ակնհայտ հրահանգ տվեց` ի կատար ածել իր կողմից մշակված գործողությունների ծրագիրը:

Իշխանությունների ապօրինի գործողությունները իրագործելու և ապա արդարացնելու ճանապարհին իր մեծ ավանդը ներդրեց նաև ԱԳ նախարար Վ.Օսկանյանը: Օգտագործելով ԱԳ նախարարի իր կարգավիճակը, տարիների ընթացքում ձեռք բերած ամբողջ փորձն ու հմտությունները` նա ջանք չխնայեց Մարտի 1-ի ոճրագործությունը քողարկելու, իրական պատկերը խեղաթյուրելու և միջազգային հանրության հնարավոր քայլերը կանխարգելելու ուղղությամբ:

Տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ այդ օրերին հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Լևոն Խաչատրյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը:

Դեսպանների կոչը` հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, անպատիժ չմնաց. նույն օրը նրանք ոչ միայն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, այլ նաև Ռ.Քոչարյանի կողմից ապօրինաբար զրկվեցին իրենց դիվանագիտական կոչումներից: Ապա տարածվեց ԱԳՆ վեց այլ պաշտոնյաների` մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի, ՆԱՏՕի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, ՄԱԿի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի, ԱՄՆի և Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանի և Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի հայտարարությունը, որով նրանք մտահոգություն էին հայտնում հանրապետությունում ձևավորված, ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ և մասնավորապես պահանջում էին.

«…Անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»: ԱԳՆ այս աշխատակիցների հայտարարությունը նույնպես անհետևանք չմնաց` Վ.Օսկանյանը, Ռ.Քոչարյանի թելադրանքով, նրանց աշխատանքից ազատեց` հետևյալ հիմնավորմամբ.

««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետևանքը այն պետք է լիներ, որ նրանք պետք է աշխատանքից ազատվեին»: Այս քայլի իրական նպատակը, սակայն, մեկն էր` կանխել ԱԳՆի, ինչպես նաև այլ գերատեսչությունների աշխատակիցների նմանատիպ քայլերը, որոնք կհանգեցնեին իշխանական բուրգի փլուզմանը:

Ամիսներ անց, կորցնելով իր պաշտոնը և հետաքրքրությունը իշխանական համակարգի համար, Օսկանյանն արդեն հանդես է գալիս տրամագծորեն այլ գնահատականներով, մասնավորապես վրդովմունք է հայտնում առ այն, որ ՀՀ քաղաքացիները զրկվում են աշխատանքից իրենց կարծիքն արտահայտելու պատճառով:

Մարտի 1-ին նախագահական նստավայրում Օսկանյանը, վերադասի հրահանգով, հերթական անգամ խախտելով իր իրավասության սահմանները, ասուլիս հրավիրեց: Youtube-ում տեղադրված տեսանյութում տեսնում ենք, թե Օսկանյանն ինչ ջանքեր է գործադրում` իշխանությունների դեմքը փրկելու ուղղությամբ.

«Ես կարող եմ փոխանցել այն, ինչ որ նախագահն ինձ ասել է առ այն, որ եթե իրավիճակը սրվի, շարունակվեն այդ ոտնձգությունները` նախագահը ստիպված կլինի իր ցանկությանը դեմ իսկապես հայտարարել հատուկ իրավիճակ Հայաստանում: …Սա իններորդ օրն է արդեն, ինը օր անընդհատ հավաքներ են եղել տարբեր չափերի, մարդիկ վրանների տակ գիշերներ են անցկացրել Օպերայի հրապարակում, և այդ բոլորի նկատմամբ ակնհայտ հանդուրժողականություն է դրսևորվել:

Այնպես որ, նման ոտնձգություններն այս բոլորին նոր որակ են հաղորդում, բայց դրա արձագանքը, հակազդեցությունը` որ պահին ինչ կլինի, ես դժվարանում եմ ասել, դա միայն իրավապահ մարմինները կարող են գնահատել:

Բայց նախագահի ցանկությունը ես ասացի` ուժ չկիրառել, առաջին օրվանից դա է եղել, և եթե իրավիճակը շարունակի սրվել` արդեն օրենքի շրջանակներում, Սահմանադրության շրջանակներում, կարծում եմ, համապատասխան քայլեր կարվեն` հանրապետության ներսում անվտանգությունը ապահովելու համար»:

Թե ինչո՞ւ էր նախագահական նստավայրում հրավիրել ասուլիս և որոշել կիսվել լրագրողների հետ իր մտահոգություններով` նա նույն ասուլիսում պարզաբանեց. «Երբ ինձ առաջարկվեց այս մամուլի ասուլիսը անենք, ես համաձայնվեցի անել, որպեսզի նման քաղաքական հայտարարություններ անեմ:

Ես ինֆորմացիայի տիրապետող անձը չեմ` ոստիկանության, առողջապահության, բայց ես քաղաքական պահն եմ զգում, և ես իսկապես համարձակություն վերցրեցի կամերաների առաջ կանգնել և ասել, որ ես զգում եմ, որ կրիտիկական պահ է: Եթե այս պահին լինում է ճիշտ կողմնորոշում` մենք շահում ենք»:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ «մաքրելուց», նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երևանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ նշանառու կրակ բացելուց, 10 անմեղ քաղաքացիների սպանելուց հետո` Երևան քաղաքում մարտի 1-ից 20 օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց:

Այս պահից սկսած` իշխանությունների հակասահմանադրական գործողությունները արդարացնելու հարցում նույնպես առանձնացավ հենց Վ.Օսկանյանը, ով նախօրոք տեղյակ էր թե՛ Օպերայի հրապարակը «ցուցարարներից մաքրելու» օպերացիային, թե՛ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս բոլոր գործողություններին: Շեշտենք, որ այդ օրերին Ռ.Քոչարյանի գլխավորությամբ գործել է շտաբ, որում ներգրավված է եղել նաև Վ.Օսկանյանը:

Պատահական չէին հենց մարտի 1-ին Օսկանյանի զինակցի` օգնական Սալբի Ղազարյանի «բացատրությունները» օտարերկրյա ԶԼՄներին: CNN-ի կայքում մարտի 1-ին տեղադրված հրապարակման մեջ, այսինքն` ճիշտ այն օրը, երբ նույնիսկ իրավապահները դեռ չէին հասցրել իրենց գնահատականների համար համարժեք իրավականօրինական հիմք ապահովել, Ս.Ղազարյանն, իր վրա վերցնելով իրավապահ մարմինների գործառույթները, արդեն «բացատրում էր», թե ինչու է Երևանում արտակարգ դրություն հայտարարվել:

Այսպես` ոչ ավելոչ պակաս Օսկանյանի զինակիցը նշել է, թե` իշխանությունները համոզված են եղել, որ ցուցարարները զինված են և ըստ նրա` «պարզվել էր, որ իշխանությունները իրավացի էին»: Հիշեցնենք, որ չնայած գործադրված բոլոր ջանքերին, իշխանություններն այդպես էլ չկարողացան Օպերայի հրապարակին կից տարածքում «հայտնաբերված» զենքը վերագրել որևէ ցուցարարի:

Մարտի 4-ին Վ.Օսկանյանը ԱԳՆում էր մամուլի ասուլիս հրավիրել: Ձայնագրությունն ամբողջությամբ տեղադրված է ԱԳՆի կայքում: Ասուլիսի ներածական խոսքում ԱԳ նախարարն անմիջապես ներկայացնում է լրագրողներին ուղղված գլխավոր մեսիջը.

 

«Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան շրջանում երեկ բավական լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ: Սա տարբերվում է զինադադարի սովորական խախտումներից, որոնց մենք սովոր էինք երկար ժամանակ: Օգտագործված զինամթերքի և զինտեխնիկայի առումով սա էապես, որակապես տարբերվում է: Բավական լուրջ ոտնձգություն է: Այս պահի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է: Կան զոհեր: Հայկական կողմից գիտեմ, որ վիրավոր կա, զոհի մասին Ադրբեջանը հայտարարել է` երկուսը, չեմ կարող, բնականաբար, հաստատել: Մենք ինչոր պահի մի դիրք կորցրել էինք, բայց կարող եմ ասել, որ մենք վերականգնել ենք նախկին դիրքերը: Մենք դատապարտում ենք, իհարկե, այս ոտնձգությունը, գտնում ենք, որ սա ադրբեջանական կողմից լուրջ շահարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակին»:

Նշենք, որ միջադեպից դեռ երկուերեք օր առաջ ԱԳՆում լուրեր էին տարածվում սահմանում հնարավոր բախումների մասին, իսկ ավելի ուշ` Միքայել Հարությունյանի 0038 հայտնի հակասահմանադրական հրամանի ի հայտ գալուց հետո, ՀՀ իշխանությունները փորձ արեցին նշված հրամանը և դրանից բխող գործողությունները պայմանավորել և արդարացնել հենց այդ բախման հետ կապված քայլերով:

Այդ օրերին Ս.Սարգսյանը հայտարարում էր, թե հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն և դատապարտում էր «գունավոր հեղափոխության» փորձերը, Օսկանյանն իր հերթին շարունակում էր շեֆին պաշտպանելու առաքելությունը:

Մարտի 13-ին հրավիրած ասուլիսում նա հայտարարում է. «Այս պահի դրությամբ մենք մի դիլեմայի առաջ ենք` երկրի կայունությունը, ժողովրդի անվտանգությունը և մեր ժողովրդավարական արժեքները, ազատությունները, հասարակության իրավունքները: ՀՀ նախագահը այս դիլեմայի առաջ է: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն միանշանակ չէ` ինքը պետք է կարողանա հավասարակշռել, և դա հեշտ գործ չէ: Եվ այս հավասարակշռության գործընթացում ինչքան երկար տևի սա, այնքան կտուժի հանրությունը, այնքան կտուժի Հայաստանը»:

Մարտի 17-ին Օսկանյանը, ելույթ ունենալով «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում կայացած քննարկմանը, արդեն վստահեցնում է. «Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»:

Մարտի 21-ին Օսկանյանը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված և Երևանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ: ԱԳՆի մամլո ծառայության վկայությամբ, «հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը` բոլոր գործընթացները Սահմանադրության և օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ»:

Մարտի 28-ին Օսկանյանը «Ազատություն» ռ/կին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում փաստում է, որ մարտի 1-ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա, ապա հարցին, թե արդյոք կմնա՞ նոր կառավարության կազմում, պատասխանում է. «Սպասենք վարչապետի նշանակմանը»:

Ապրիլի 11-ին, երբ արդեն Ս.Սարգսյանը պաշտոնապես ստանձնել էր նախագահի պաշտոնը, Օսկանյանը ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարում է. «Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլևս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի»: Սակայն դեպքերը զարգացան այլ ուղղությամբ` Վ.Օսկանյանի հույսերը հօդս ցնդեցին, մատուցած ծառայությունների դիմաց` նա մնաց խաղից դուրս վիճակում:

«Փոխհատուցում»` Ռ.Քոչարյանին անմնացորդ ծառայելու դիմաց

Վ.Օսկանյանը, ով տասնամյա իր իշխանավարման տարիներին ,համեստե պաշտոնյայի իմիջ էր ձեռք բերել, պարզվում է, Ռ.Քոչարյանի կողմից` իրեն մինչև վերջ ծառայելու համար հսկայական ունեցվածք է ստացել: Վ.Օսկանյանը հողատարածք ունի Աշտարակի խճուղում գտնվող «Հայֆիլմ»-ի մերձակայքում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում. այստեղ կառուցվում է բնակելի թաղամաս` օտարերկրացիների համար:

Վ.Օսկանյանին է պատկանում նաև Մոնումենտում գտնվող մի էլիտար շենք: Ինչպես նկատում ենք, Ռ.Քոչարյանի իշխանության հիմնասյուներից մեկը` Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանին անմնացորդ ծառայելու դիմաց` մյուս պաշտոնյաներից ոչ պակաս է օգտվել իշխանության կերակրատաշտից:

Վ.Օսկանյանն այսօր էլ շարունակում է մնալ Ռ.Քոչարյանի զինակիցը: Այժմ Երևանի Կենտրոնում` Հյուսիսային պողոտայում է գործում Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամը: «Մտահոգ» երկրի ապագայով` նա հանդես է գալիս «անկեղծ» հրապարակումներով և Հայաստանը փրկելու համար առաջարկում է տարբեր դեղատոմսեր` ըստ էության «Սիվիլիթասը» ծառայեցնելով կրկին Հայաստանի քաղաքական կյանք վերադառնալու նպատակին:

Ահա իրական Վ.Օսկանյանը` այն միջին թվաբանական ամերիկաբնակ սիրիահայ էմիգրանտը, ով մինչ Լևոն ՏերՊետրոսյանի հայտնի ելույթները լսելը, նույնիսկ տեղյակ չէր, թե ինչ է նշանակում «Ավգյան ախոռներ», ով ժամանակին նույնիսկ չէր հանդգնի երազել նույն ԱՄՆ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ նույն սրահում հայտնվել, ով, բախտի բերմամբ ստանալով նորանկախ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյայի կարգավիճակ և հայտնվելով ցանկացած այլ պարագայում իր համար անհասանելի բարձունքի, հեշտությամբ խոնարհվում է բիրտ ուժի դիմաց, հոկտեմբերի 27-ից հետո արագ կողմնորոշվում է, հետագայում թաթախում է ձեռքերը մարտի 1-ի տասը զոհերի արյան մեջ` մի խումբ հանցագործների նեղ անձնական շահերը վեր դասելով Հայաստանի շահից, դավաճանում է հայ ժողովրդին և դրանով բացահայտում Հայաստանին իր «նվիրվածության» իրական բովանդակությունը:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ          

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում