«Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը պատերազմական ելք չպետք է ունենա, քանզի դա կբերի աղետալի հետևանքների: Չեմ կարծում, թե կողմերն ունեն արագ, առանց զոհերի պատերազմական գործողություններ իրականացնելու հնարավորություն»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում կարծիք է հայտնել քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:
Քաղաքագետի գնահատմամբ, հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում երկու կողմն էլ 100 հազարից ոչ պակաս զոհեր կունենա. «Պատերազմի վերսկսումը կարող է խաչ քաշել տարածաշրջանի հետ կապված՝ եվրոպական մի շարք երազանքների վրա: Մի խոսքով` կտուժեն բոլորը, չի հաղթի և ոչ ոք»:
Միխեևի կարծիքով, լավ է երկար բանակցությունները, քան թե տասնյակ հազարավոր մարդկանց արագ սպանությունը:
«Խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում պայմանավորվել: Նրանց դիրքորոշումներն անհամատեղելի են 90 տոկոսով»,- շեշտել է Միխեևը և հավելել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում շահեր ունեն ինչպես կողմերը, այնպես էլ միջնորդները, սակայն ղարաբաղյան կարգավորման խնդիրների համար պատասխանատվությունն ու մեղքը պետք չէ բարդել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ միջնորդների վրա: Այդուամենայնիվ, ռուս քաղաքագետի գնահատմամբ, Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գծով գլխավոր բանակցողը դառնալու շանս ունի: