Վայոց Ձորի մարզի Արենի-1 քարանձավային համալիրում այս անգամ էլ գտնվել է վեցհազարամյա (մ.թ.ա. 3900-3600 թթ.) եղինջե շոր: Ըստ հնագետ Ռոման Հովսեփյանի` հատկապես այս տարածքում նման իրերի հայտնագործումը պայմանավորված է տեղանքի չոր կլիմայով: «Քանի որ քարանձավն էլ ինքը չոր է եւ սառը, հազարամյակներ ի վեր այնտեղ ընդհանրապես ջրի մի կաթիլ չի եղել, ամբողջ օրգանական նյութերը առանց քայքայվելու պահպանվել են մինչեւ մեր օրերը»,- նշեց Ռոման Հովսեփյանը: Ըստ նրա` այնտեղ արդեն բավականին մեծ քանակությամբ եւ անասելի հետաքրքիր նյութեր են հայտնաբերվել, դրանց մի մասը կներկայացվի հասարակությանը, եւ կոշիկից ու շորից շատ ավելի հետաքրքիր բաներ էլ են հայտնաբերվել: Բացի 5000-ամյա ուղեղի հայտաբերումից՝ հայտնաբերվել են նաեւ ամբողջական պտուղներ, խաղողի մնացորդներ: Հայտնաբերվել է նաեւ ցորենի՝ 1500 տարվա հատիկ, որը նույն տեսքն ունի, ինչ ժամանակակիցը: