ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ: