ՀԱՕԿ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի թեկնածու է: Նա իր բարձր կարգը հաստատեց նաև Երևանում վերջերս անցկացված Հայաստանի առաջնությունում: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը բազմամարտում ճանաչվեց լավագույնը և դարձավ բացարձակ չեմպիոն: Նա մեր հավաքականի հետ կմեկնի Քաթար և կմասնակցի մարտի 26-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցուղերթի կայացմանը մեծապես օժանդակում է Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ նախկին չեմպիոն Էդվարդ Գևորգյանը:
Անկախացումից հետո Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականն առաջին անգամ լիարժեք կազմով հանդես կգա Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, որը կմեկնարկի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում` մայիսի 19-ին: Արդեն հայտնի են կազմերը. մեծահասակներ` Արթուր Դավթյան, Վահան Վարդանյան, Վահագն Ստեփանյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան: Երիտասարդներ` Արմեն Պետրոսյան, Արամ Մովսիսյան, Վիգեն Խաչատրյան:
Մինչ եվրոպական ստուգատեսը հայ մարմնամարզիկները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օժանդակությամբ ապրիլին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իրանում, որտեղ առկա են մարզումային հիանալի պայմաններ: