Փետրվարի 28-ին` Երևանի ժամանակով 12:30-ին, Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը Սերբիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ: Երեկ տեղի ունեցած մարզման ժամանակ մարզչական շտաբը հանգստանալու հնարավորություն տվեց Ռոման Բերեզովսկուն ու Արաս Օզբիլիսին, ովքեր Լիմասոլ էին ժամանել օրվա երկրորդ կեսին: Հոլանդական «Այաքս»-ի կիսապաշտպանը մեկնել էր Կիպրոս Հոլանդիայի առաջնությունում հանդիպում անցկացնելուց հետո և մարզվում էր անհատական ծրագրով:
Երեկոյան տեղի ունեցավ Կիպրոսի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը` Հայաստանի, Սերբիայի, Կանադայի և Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմաթիվ կազմակերպչական հարցերի թվում որոշվեց փոփոխությունների քանակը հասցնել 6-ի:
Հիշեցնենք, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին` Երևանի ժամանակով 18:00-ին: