Ոստիկանության Մեղրիի բաժնում շարունակվում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու գործարար Արարատ Հովհաննիսյանի կողմնակիցների միջև հունվարի 7-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու վիճաբանության միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` բացատրություն է վերցվել մոտ 10 հոգուց ու բոլորն էլ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետի ու գործարարի մտերիմների միջև ծագած հակասությունը հանգեցրել էր նրան, որ Ագարակի կենտրոնական հրապարակում քաղաքապետի եղբայրը` Մհեր Զաքարյանը ծեծել էր Արարատ Հովհաննիսյանին: Վերջինս էլ զենքի օգնությանն էր դիմել: Ագարակի հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել Արարատ Հովհաննիսյանն ու նրա ընկեր Սոս Խաչատրյանը: Այլ տուժածներ չկան: Ի դեպ, հարցաքննվել են նաև Ա. Հովհաննսիյանն ու նրա կողմնակիցները: Ավելացնենք, որ իրավապահները նախօրեին չէին բացառել քրեական գործի հարուցումը: Նշենք նաև, որ Ագարակում մթոնոլորտը շարունակում է լարված մնալ: