Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Голос Армении թերթի հետ զրույցում նշել է, որ է ֆեդերացիան պետք է շարունակի իր աշխատանքը, և «Հատիս»-ը վերադառնալու է միջազգային մրցասպարեզ:
«Մեկ տարվա ընդմիջումն օգնեց մեզ ետ նայել և հասկանալ, թե ինչ պետք է անենք հետագայում: Վերլուծությունը հաստատեց, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և պետք է շարունակենք մեր աշխատանքը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը:
Նոր թիմի կորիզը նորից կկազմեն արտասահմանցի խաղացողները, սակայն այս տարի նախատեսում ենք հրավիրել 9-10 մարզուհիներ` յուրաքանչյուր դիրքում երկու խաղացող: Պահեստայինների կարճ նստարանը թույլ չէր տալիս մեզ փլեյ-օֆֆից դուրս գալուց բացի այլ խնդիրներ լուծել: Նոր բասկետբոլիստուհիները ևս բարձրակարգ կլինեն. նույնիսկ ավելի ուժեղ, քան Բոյանա Վուլիչն ու Միլիցա Դաբովիչը, ովքեր շատ սիրվեցին մեր երկրպագուների կողմից: Մարզչին ցանկանում ենք հրավիրել արտերկրից:
«Հատիս»-ի կազմը կհամալրվի հուլիսից, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Եվրոպայի Գավաթի խաղարկությունը մեկնարկում է հոկտեմբերին, և 3 ամիսը բավական կլինի: Գլխավոր խնդիրը խաղային պրակտիկայի բացակայությունն է, քանի որ Հայաստանի առաջնության ցածր մակարդակի պատճառով բասկետբոլիստուհիները չեն կարողանում խաղալ: Նոր հովանավորների հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ «Հատիս» բրենդն արդեն հայտնի է դարձել»: