Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել թիմի պաշտոնական կայքին, որի ժամանակ ամփոփել է Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի արդյունքները և մեկնաբանել է «Անժի»-ի հանդեպ տարած հաղթանակը:
– Հենրի՛կ, համաձա՞յն ես, որ սա ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շախտյոր»-ի լավագույն հանդիպումն էր:
– Դատելով արդյունքից` հաստատ լավագույն հանդիպումն էր: Մենք լավ էինք խաղում, բայց երկրորդ խաղակեսում խաղային նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին: Մի փոքր հոգնածություն էր նկատվում մեր գործողություններում, բայց արդեն հավաքի վերջնամասն է, մենք լավ աշխատեցինք ու կարողացանք վերջին խաղում հաղթանակ տոնել:
– Ըստ քեզ` այս հավաքը ինչո՞վ տարբերվեց նախորդ երկուսից:
– Գլխավորն այն է, որ Միստերը մեզ հետ է: Նա բացատրում է մեր սխալները, ոգևորում է լավ խաղի դեպքում: Նրա ներկայությունը թիմի գործողությունների վրա միայն դրական ազդեցություն է ունենում:
– Արդյո՞ք այս խաղից հետո «Շախտյոր»-ը պետք է կենտրոնանա «Դնեպր»-ի հետ հանդիպման վրա:
– Այո: Մինչ այդ հնարավոր է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնենք, իսկ հետո արդեն կտրամադրվենք այդ խաղին:
– Այսօր դու շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձար, բայց չկարողացար երկու գոլային պահ իրացնել:
– Ինձ դիպուկությունը չբավականացրեց: Ամենակարևորն այն է, որ գոլի հեղինակ դարձա, քանի որ մինչ այդ դա էլ չէր ստացվում: Հուսով եմ` անհաջողություններն անցյալում են: