Ֆինլանդիայի Վերումայկի քաղաքից հայրենիք վերադարձավ Հայաստանի հրաձգության հավաքականը: Մեր նշանառուները Սկանդինավյան թերակղզում իրենց վարպետությունը դրսևորեցին Եվրոպայի ձմեռային առաջնությունում: ՀԱՕԿ մամլո քրտուղարությունը զրուցել փորձառու վարպետ Նորայր Բախտամյանի հետ, ով եզրափակիչ պայքարում 60 կրակոցով վաստակել է 679,6 միավոր ու գրավել վեցերորդ տեղը: Աթենքի Օլիմպիական խաղերի չորրորդ մրցանակակիրը մարտական է տրամադրված եղել, սակայն փորձառու վարպետին ժամանակը չի բավարարել մասնագիտական լիարժեք մարզումների համար:
Նորայրը նաև ասել է, որ տանը կշարունակի նախապատրաստությունը: Ապրիլից հաջորդաբար Անգլիայում, Մյունխենում և Միլանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերին, այնուհետև կընդգրկվի ուսումնամարզական հավաքում ու դրանից հետո կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Նա լոնդոնյան կրակագիծ կելնի լուրջ նպատակով ու այն իրականացնելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ մշակել է աշխատանքային անհատական ծրագիր:
Նորայրը կարծիք է հայտնել նաև Ֆինլանդիա մեկնած հավաքականի մյուս մարզիկների մասին: Նրանց բոլորի մրցելույթներին ժամանակի սղության պատճառով ականատես չի եղել, թեև շնորհալի է համարում երիտասարդների պայքարի մասնակից 19-ամյա ատրճանակավար Ռոմիկ Վարդումյանին: