«Շիրակ»-ի ֆրանսիացի հարձակվող Ժան-Լուի Բերնը, ով փորձաշրջան է անցնում թիմում, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց, որ ինքը հարմարվել է «Շիրակ»-ում և կցանկանար թիմին օգնել գալիք մրցաշրջանում:
– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի անձնակազմին և խաղացողներին ջերմ՝ ընդունելության համար: Ես իմ թիմակից և ընկեր Ֆաբրիս Գյուզելի հետ էի եկել Հայաստան, և նրա մեկնելուց հետո ինձ միայնակ էի զգում, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է: Լիովին ընտելացել եմ թիմին:
– Ինչպե՞ս է անցնում հավաքն Անթալիայում:
– Այստեղ շատ լավ պայամաններ են: Ես շատ եմ սիրում Անթալիան, երկու անգամ հանգստացել եմ այստեղ: Իսկ հավաքի համար ամեն ինչ շատ լավ է, լավ պատրաստված դաշտեր կան:
– Ո՞րն է քո առաջին թիմը:
– Ես սկսեցի զբաղվել ֆուտբոլով 5 տարեկանից, մի քանի տարի անց ինձ հավաքագրեցին «Օլիմպիկ Լիոնի» մարզադպրոց: Այնուհետև սկսեցի խաղալ «U.G.A» թիմում: Հետո ինձ սկսեցին հետապնդել վնասվածքները, սակայն այժմ ես լիովին վերականգնվել եմ և վերգտել եմ իմ խաղը:
– Ինչպե՞ս ես հաղորդակցվում շիրակցիների հետ:
– Մարզումների ժամանակ այդքան էլ պետք չի գալիս լեզուն, ժեստերի լեզուն ամեն ինչ կարող է փոխանցել: Ես մի փոքր անգլերեն գիտեմ և կարող եմ հաղորդակցվել ու շփվել տղաների հետ: Սակայն փորձում եմ սովորել հայերեն, արդեն իսկ մի քանի բառեր գիտեմ. լավ ես, բարի լույս, բարի ախորժակ, դեղին, կանաչ, հանգիստ և հուսով եմ, որ շուտով կկարողանամ նախադասություններ կազմել (ժպտում է):
– Այս հավաքի ժամանակ արդեն երկու ստուգողական հանդիպում եք անցկացրել….
– Այո, առաջին անգամ հանդիպեցինք ուկրաինական թիմի հետ: Ես շատ տխրեցի, քանի որ դա իմ առաջին պարտությունն էր «Շիրակ»-ի կազմում: Ես այդ հանդիպմանը դուրս եկա փոխարինման երկրորդ խաղակեսի միջնամասում և քիչ ժամանակ ունեի ինձ դրսևորելու համար: Այսօրվա հանդիպմանը թիմը շատ լավ հանդես եկավ: Խաղի ողջ ընթացքում մենք միայն մի պահ սխալվեցինք, որի պատճառով գոլ բաց թողեցինք: Սակայն մենք էլ շատ լավ պահ ունեցանք և կարողացանք պատասխան գոլը խփել: Դավիթ Հակոբյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Կարծում եմ, որ մինչ հավաքի ավարտը թիմը լիովին պատրաստ կլինի գալիք մրցաշրջանին: