«Շիրակ»-ի փորձառու պաշտպան Արմեն Տիգրանյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է թիմը նախապատրաստվում գալիք մրցաշրջանին:
– Սա մեր արդեն երրորդ ուսումնամարզական հավաքն է և առաջին արտասահմանյանը: Մենք արդեն 5 օր է գտնվում ենք Անթալիայում, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Արդեն իսկ անցկացրել ենք մեկ ստուգողական հանդիպում, և դեռ երեք հանդիպում էլ անցկացնելու ենք:
– Իսկ ինչպե՞ս ես գնահատում թիմի ընդհանուր վիճակը:
– Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է: Կան, իհարկե, մի քանի բացեր, սակայն այս ուսումնամարզական հավաքի ժամանակ կփորձենք լրացնել այդ ամենը: Բոլորը շատ մարտական են տրամադրված, մարզումներին մասնակցում են մեծ եռանդով:
– Այս տարի թիմի մեծագույն խնդիրը գավաթը նվաճելն է…
– Նմանատիպ խնդիր մենք ունեինք նաև նախորդ մրցաշրջանում և շատ մոտ էինք գավաթը նվաճելուն, սակայն մի քանի պատճառներ կային, որ չստացվեց: Այժմ մեր առջև կրկին դրված է այդպիսի խնդիր և բացի գավաթից առաջնությունում պետք է տեղ գրավենք առաջին եռյակում: Եվ քանի որ վերջերս պարզ դարձավ, որ Հայաստանի գավաթի եզրափակիչն անցկացվելու է Գյումրիում, ապա մենք ուղղակի պարտավոր ենք առավելության հասնել «Միկա»-ի հանդեպ կիսաեզրափակիչում, իսկ արդեն եզրափակիչում, ինչպես ասում են, տանը պատերն էլ են օգնում:
– Ի՞նչ չստացվեց «Զակարպատիե»-ի հետ հանդիպմանը:
– Չնայած պարտվեցինք, սակայն նորմալ հանդիպում անցկացրեցինք: Այդ հանդիպումից առաջ մենք ընդամենը մեկ օր էինք մարզվել, հետո էլ բարդ էր արհեստական խոտածածկից միանգամից բնականին անցումը: Սակայն արդեն լիովին հարմարվել ենք բնականին և կարծում եմ, որ հաջորդ հանդիպմանն էլ ավելի լավ հանդես կգանք:
– Ծանո՞թ ես «Սկա-Էներգիա»-ին:
– Թիմին ծանոթ չեմ, չգիտեմ, թե ինչպես են խաղում, միայն շատ լավ ճանաչում եմ նրանց հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին: