Спорт-Экспресс-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ընդառաջեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին` հայտարարելով, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում` հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը:
Մրցաշարը կկազամակերպի գործարար Էնդրյու Պոուլսենի ստեղծած «Ագոն» ընկերությունը, որին ՖԻԴԵ-ն վստահել է տղամարդկանց աշխարհի առաջնության առաջիկա մրցաշարերի կազմակերպումը: Հավակնորդների մրցաշարում հանդես կգա նաև ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, ով այս պահին զբաղեցնում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը ցանկանում էին հյուրընկալել 3 պետություններ՝ Անգլիան, Բուլղարիան և Ադրբեջանը, սակայն Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին ուղղված հայտարարություն էր արել` նշելով հետևյալը.
«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունն անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: