«Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2011 թվականը և՛ Հայրենիքի, և՛ Արցախի,և՛ Սփյուռքի համար լինի խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի, մեծ նվաճումների ու անխախտ միասնության շրջադարձային տարի: Թող ձեր սեղանները լինեն առատ, ձեր օջախները վառման ու հայաշունչ, քաղցրահնչյուն մայրենիով լեցուն, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանիցյուրաքանչյուրի տոհմածառը, և թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց: Համաշխարհայնացման միօրինակացնող հոսանքին ընդդեմ ընթացող մեր հավաքական ուխտը հանգրվան կունենա մեր Հայրենիքում, եթե միավորենք մեր ուժերը, պահպանենք մեր անկրկնելի լեզուն, տեսակն ու ոգին, մշակույթն ու հավատը, եթե յուրաքանչյուրն իր փոքր նպաստը բերի կարևորագույն ազգային խնդիրների` Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց պետականության ամրապնդման գործին»: