Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ամանորի նախաշեմին պաշտոնապես հայտարարվեց, որ փոքրիկ փայթուցիկների ներկրումն ու վաճառքը երկրում արգելվում է: Սակայն այս տարին էլ բացառություն չեղավ օրենքին անհտևողական լինելու առումով: Չնայած արգելքին` մայրաքաղաքի բազմաթիվ խանութներում, տոնավաճառներում կամ պարզապես փողոցներում գտնվող սեղանիկներից դրանք գտնելն այնքան էլ բարդ գործ չեղավ տոներին հատկապես դրանցով զվարճացող դեռահասների համար:ՀՀ կառավարության դեռ 2002թ. հունվարի 15-ին ընդունված թիվ 41 որոշմամբ խստիվ արգելվում է Հանրապետություն ներկրել, վաճառել և օգտագործել անվտանգության պահանջներին և դրանց փորձարկման չհամապատասխանող պայթուցիկ-հրագործական սարքեր, անհատական օգտագործման, ինչպես նաև` ինքնաշեն ճայթիչներ (խլապուշկաներ), որոնց պահանջարկն աճում է տոնական, հատկապես Ամանորին նախորդող օրերին: Երեխաներն ուրախություն են ապրում խանութից գնված հակաօրինական այդ ապրանքի առաջացրած պայթյունից, սակայն միշտ չէ, որ այդ պայթյուններն ավարտվում են հաջողությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ իրենք` մեծահասակներն են հորինում-պատրաստում կասկածելի հուսալիության ինքնաշեն պայթուցիկներ ու երեխաների մասնակցությամբ փորձարկում իրենց գլուխգործոցը, իսկ նման փորձարկումները երբեմն ողբերգական հետևանքներ են ունենում:
Բնականաբար, շատերիս մեջ տրամաբանական հարց է առաջանում, թե եթե այդ պայթուցիկների օգտագործումն արգելված է, ինչու են իրականում դրանք վաճառվում, և ինչպես են թույլատրում դրանք ներկրել Հայաստան:
Թույլ տվողը պետք է որ լինի ՀՀ պետեկամուտների կոմիտեն, որն էլ մաքսազերծում է արգելված ապրանքը: Արդյունքում էլ ստացվում է, որ ապրանքը ներկրել կարելի է, իսկ վաճառել` ոչ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ՀՀ Ոստականությունը համաձայն իր պարտականության, «բռնագանձեց» արգելված ապրանքը վաճառականներից ու խանութներից: Սակայն դրանց հետևեց սպասված պրոցեսը. պայթուցիկները մի քանի օր անց կրկին վերադարձվեցին իրենց տեղերը: