Հայաստանում անչափահասների աշխատանքի վերաբերյալ պետական մակարդակով արված հաշվարկ այսօր մենք չունենք, իսկ վերջին ուսումնասիրությունն այս ուղղությամբ արվել է դեռ 2007-ին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի համատեղ ուժերով: Համաձայն այդ ուսումնասիրության` հարցման ենթարկված 1066 ընտանիքներում գտնվող 2032 երեխաների խմբում աշխատանք ունեցողների թիվը կազմել է 3.6%, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանք է ունեցել բոլոր երեխաների 4.7%-ը: Ընդ որում` աշխատող երեխաների մոտ մեկ երրորդը աշխատանքային օրենսդրությամբ թույլատրելի տարիքից ցածր տարիքի է եղել: Ինչ վերաբերում է երեխաների զբաղվածության ոլորտներին, դրանք տարբեր են` գյուղատնտեսություն, անասնապահություն, շինարարություն, արդյունաբերություն, առեւտուր, սպասարկում: Այս երեխաների հիմնական մասն առանց պայմանագրի է աշխատում, որ գործատուն խնդիրներ չունենա աշխատանքի տեսչության, հարկայինի հետ: Եվ սրա արդյունքում էլ գործատուները հաճախ առիթից օգտվում ու ընդհանրապես չեն վճարում երեխային. «Նրանց մոտավորապես կեսի համար աշխատանքային շաբաթը տեւում է 7 օր, կեսից ավելին աշխատում է առավոտից մինչեւ երեկո, ոմանք նաեւ գիշերները»,- ասում է«Յունիսեֆ»-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը:
Տվյալները ցավալի են, սակայն միեւնույն է, սա անչափահասների զբաղվածության ամբողջական պատկերը չի ներկայացնում, քանի որ իրականում աշխատող երեխաներն ավելի շատ են: Եվ բացի այդ, երեխաների աշխատանքի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է դեռ երեք տարի առաջ, որին հետևած ճգնաժամի պատճառով իրավիճակը բնականաբար վատթարացել է: