Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նախօրեին հայտարարել էր, թե գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ անկումը հետագայում հնարավոր կլինի մեղմել ձվի եւ անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին: Հիշեցնենք, սակայն, որ անասնաբուծությունում ևս անկում էր գրանցել 2010 թվականի առաջին 9 ամիսներին` 2,2%-ով: «Այդ բոլոր խոսակցությունները հետևանք են նրա, որ իրենք համակարգային փոփոխություներ ու ծրագրեր չունեն տնտեսության զարգացման համար: Ես հերթական անգամ համոզվում եմ, որ իրենք իրավիճակին չեն տիրապետում: Գյուղատնտեսական արտադրանքի աճ չի կարող լինել. մեր գյուղատնտեսությունը պետք է համակարգային փոփոխության ենթարկվի, ոլորտի պատասխանատուները պետք է հասկանան, թե գյուղատնտեսության որ ոլորտը պետք է դառնա հիմնական: Խնդիրը սա է»,- նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով Գ. Ալավերդյանի հայտարարությունը` հավելելով, որ նման հայտարարություններին լուրջ չպետք է վերաբերվել: