ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը հասավ հաջողությունների: Երջանիկ Աբգարյանն առանձնացնում է հատկապես ՆԱՏՕ-ի և Աստանայի գագաթնաժողովներում ընդունված հայտարարությունները՝ հօգուտ տարածքային ամբողջականության։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ անցնող տարում հայ-ռուսական պայմանագիրը երկարաձգվեց 49 տարով, ինչն էլ մեր անկախությանը նետված մարտահրավեր է: ՀՀՇ վարչության անդամին ցավ է պատճառում, որ երկիրը ղեկավարող մարդիկ չունեն պատասխանատվության զգացում արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում և չեն վարում ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Ինչ վերաբերում է տնտեսական կյանքին, ապա Երջանիկ Աբգարյանն այս ոլորտում ևս մխիթարական բան չի տեսնում: «Աշխատատեղեր չեն ստեղծվում, մեծացել են արտագաղթի չափերը»,- Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց նա: ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը Երջանիկ Աբգարյանը կապում է Հայաստանում բարձրացված աղմուկի հետ: Երջանիկ Աբգարյանին վրդովեցրել է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և ԱԺ 69 պատգամավորների կողմ քվեարկելը այդ օրենքին: «Դրանով նրանք «տրոյական ձի» մտցրեցին կրթական համակարգ»,- ասաց Երջանիկ Աբգարյանը: