Եթե Անկարան հրաժարվի Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության սպառազինություն տեղակայելուց, ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այս մասին գրել է թուրքական Hürriyet Daily News-ը: Թուրքական պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրում է, թե Վաշինգտոնն Անկարային դիվանագիտական խողովակներով ուղերձ է ուղարկել այն մասին, որ եթե Թուրքիան մերժի ԱՄՆ-ի` Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկությունը, ապա Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
Օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով պատասխանատու Ջիմ Թոունսենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համոզմամբ, Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, եւ ավելացրել, որ Վաշինգտոնն այդ հարցում սպասում է Անկարայի որոշմանը: Այդ հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Թուրքիան մերժել է Վաշինգտոնի առաջարկությունը: Սակայն մինչև հիմա հարցի առնչությամբ պաշտոնական Անկարայի կողմից որևէ հստակ հայտարարություն չի հնչել: