Ադրբեջանի Միլի Մեջլիսը 104 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2011թ. պետբյուջեն:
Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, եկող տարի Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները, ընթացիկ տարվա համեմատ, կավելանան 4.8 տոկոսով` հասնելով 12 միլիարդ 61 միլիոն մանաթի (շուրջ 15 միլիարդ դոլար), ծախսերը կաճեն 3.9 տոկոսով` հասնելով 12 միլիարդ 748 միլիոն մանաթի: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 687 միլիոն մանաթ կամ համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը: Մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանին ներկայացնելով բյուջեի նախագիծը` Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել էր, թե պաշտպանական բնագավառի ծախսերը 2011 թվականին աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար): Երկրի 2010թ. բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ։