Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի 2012 թվականի հունվարի 14-ին` Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` «Բադեն-Արենա» համալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն է, ով 19 մենամարտերից հետո անպարտելի է:
«Մոտենում է ինձ համար երկար սպասված մենամարտը: Օր օրի ավելանում է հաղթելու ձգտումս: Երկար եմ պատրաստվել, մեծ աշխատանք տարել նախորդ մարտերում թույլ տված սխալներս շտկելու ուղղությամբ: Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները. նա ուժեղ մարզիկ է, դեռևս` անպարտ:
Այդուհանդերձ, համոզված եմ` 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Մեծ նպատակ ունեմ` վերանվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հունվարի 14-ին դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարներին»,- նշում է Արթուր Աբրահամը: