Ավստրալիայի դատարանը բավարարել է Samsung ընկերության բողոքը և հանել է երկրի տարածքում նրա պլանշետների վաճառքի արգելքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Samsung Galaxy 10.1 պլանշետների վաճառքի ժամանակավոր արգելքը մտցվել էր հոկտեմբերի կեսերին այն բանից հետո, երբ դատարանը բավարարել էր Apple ընկերության ներկայացրած հայցը, որը Samsung-ին մեղադրում էր իր տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ:
Իր հերթին Samsung Electronics-ը պատասխան հայց է ներկայացրել Apple Inc.-ի դեմ` պահանջելով Ճապոնիայում և Ավստրալիայում արգելք դնել նոր iPhone 4S սմարթֆոնների և iPad 2 պլանշետների վաճառքի վրա:
Apple և Samsung ընկերությունների միջև դատական վեճեր են գնում տասը երկրում: Ընկերությունները միմյանց մեղադրում են պլանշետների և սմարթֆոնների սենսորային էկրանների տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ:
Դատարանը այս վճիռը կայացրել է տոնական զեղջերի սեզոնի բացման ժամանակ, երբ նկատվում է գնորդների աշխուժություն: