Այսօր «Orange Արմենիան» ստորագրել է համագործակցության համաձայնագիր «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հետ:
Համագործակցության շրջանակում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:
«Ֆրանսիական համալսարանն արդեն բազմաթիվ տարիների ավանդույթներ ունի Հայաստանում և կարողացել է դառնալ երկրի լավագույն համալսարաններից մեկը, իսկ դրա շրջանավարտները` փնտրված մասնագետներ:
Ուրախ ենք այս նոր մակարդակի համագործակցության համար, որը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաև բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում»,- ասել է «Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ն իր բարեգործական կառույցի` «Orange հիմնադրամի» միջոցով համալսարանին է փոխանցել 3 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի 26 ուսանողների ուսման վարձի մարմանը:
Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով` հիմնվելով 2 հիմնական չափանիշների վրա` ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն: