Այսօր բողոքի երթ է անցկացրել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը: Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքից, այնուհետև ուղղվել դեպի 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված ԿԳ նախարարություն, որտեղ մասնակիցները վանկարկել են «Գաղութացմանը` ո՛չ, Աշոտյանին՝ արտաքնոց» և այլ արտահայտություններ: Այնուհետև ցուցարարները Հյուսիսային պողոտայով և Ազատության հրապարակով շարժվել են դեպի նախագահական նստավայր, ապա` խորհրդարան: Երթի մասնակիցները պարզել էին ցուցանակներ, որոնց վրա գրված էին շարժման հիմնական կարգախոսները. «Լեզվի հարցում ոչ մի զիջում», «Մայրենին տվողը հայրենիքն է զիջում», «Որակյալ կրթությունը` բոլորին» և այլն:
Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ սուլելով ներս մտնող պատգամավորներին` օտարալեզու դպրոցների հակառակորդները հիշեցնում էին, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, և որ լեզուն ուրացողը ազգի դավաճան է: Ուշագրավ է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լայն ժպիտով դիմավորեց իր հասցեին հնչած սուլոցները և հեռախոսը ականջին` մտավ ԱԺ: