Ազգային ժողովի շենքի մոտ ցույցի էին դուրս եկել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները` «Որակյալ կրթություն բոլորին, ո՛չ օտարալեզու դպրոցներին» ցուցապաստառներով: Նախաձեռնության անդամներից Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այսպիսի ակցիաներով ԱԺ պատգամավորներին հիշեցնում են, որ ոչինչ չի մոռացվել, եւ լեզվի խնդիրը շարունակում է իրենց համար մնալ առաջնահերթ: «Չի կարելի «Լեզվի մասին» օրենքն այնքան սահմանափակել, որ հանրակրթության հարցերը չկարգավորի: «Լեզվի մասին» օրենքի ուժը եւ ազդեցությունը նրանում է, որ նա նաեւ հանրակրթության ոլորտի խնդիրներն է կարգավորում եւ պահանջում է, որ կրթությունը հայ երեխայի համար լինի հայերեն: Եթե դու կետ ես մտցնում եւ ասում ես, որ այս, այս, այս չի կարգավորվում «Լեզվի մասին» օրենքով, ապա դու նեղացնում ես օրենքի գործառույթը: Իսկ դա արժեզրկում է օրենքը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հակամրցանակ սահմանելուն, ապա Արմեն Հովհաննիսյանը նշեց.«Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գյումրեցիները Գյումրին ուզում են անվանել Ալեքսանդրապոլ: Ես կարծում եմ, որ այդ քաղաքացին, այդ մարդը լիովին իրավունք ունի այդ ցուցակը համալրելու»: