Anadolu թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Իսրայելում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելը կարող է օգնել երկկողմ հարաբերություններին, որոնք լարվել են «Ազատության տորմիղի» վրա իսրայելական հատուկ ծառայությունների հարձակումից հետո: Այս մասին նախօրեին ասել է Էրդողանը Անկարայում:
«Մեկ անգամ չէ, որ մենք հայտարել ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները նախկինի պես չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել: Դրանցից մի մասը կատարվել են, բայց ոչ բոլորը: Մենք դեռ պահանջում ենք ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել», ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, որն Էրդողանին շնորհակալություն է հայտնել Իսրայելի հյուսիսում անտառային հրդեհների մարմանը թուրքական երկու ինքնթիռ ուղարկելու համար:
«Հեռախոսազրույցի ժամանակ Նաթանյահուն հույս է հայտնել, որ հարաբերությունները կբարելավվեն ապագայում: Սա կարող է օգնել երկկողմ հարաբերություններին, բայց հարցը չի լուծվի, քանի դեռ Իսրայելը ներողություն չի խնդրել և փոխհատուցումները չի վճարել», ավելացրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Իսրայելում սկսված անտառային հրդեհների դեմ պայքարին Էրդողանի հրամանով մասնակցում են նաև թուրքական երկու օդանավ: