Բջջային հեռախոսների խոշոր արտադրող Nokia ֆիննական ընկերությունը ռեստրուկտուրիզացիայի շրջանակներում կրճատում է 3500 աշխատատեղ: Ինչպես գրում է The Wall Steet Journal թերթը, ընկերությունից հայտնել են, որ տարվա վերջում կփակվի Ռումինիայի գործարանը: Բացի այդ, քննարկվում է նաև Ֆինլանդիայում, Հունգարիայում և Մեքսիկայում ձեռնարկությունները փակելու տարբերակը:
Nokia-ն պատրաստվում է կենտրոնացնել իր արտադրությունը Բեռլինում, Բոստոնում և Չիկագոյում կոմերցիոն գործողությունների վրա:
«Փոփոխությունների շնորհիվ մենք կարող ենք շուկայում դառնալ ավելի ակտիվ, ճկուն և արդյունավետ մրցակից »,- ռեստրուկտուրիզացիան մեկնաբանում է Nokia-ի գործադիր տնօրեն Սթիվեն Էլոպը:
Հունիսի վերջին Nokia-ում աշխատում էր շուրջ 140 հազար մարդ: Կրճատումների մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կրճատվել է 2,1%-ով: