«Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է փոխադարձ վստահություն: Մեր հանդիպմանը Աստանայում հարգարժան Ալիևն իր մտահոգությունը հայտնեց: Ես պատասխանեցի, որ պետք չէ անհանգստանալ, մենք, միևնույն է, չենք հավատում այնտեղ գրվածին»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Աստանայից վերադառնալուց հետո՝ պատասխանելով WikiLeaks -ի հետ կապված հարցին. հայտնել է APA գործակալությունը: Նա հայտարարել է, որ ընթացող էներգետիկ ծրագրերում առկա են ընդհանուր շահեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև:
Գալով WikiLeaks-ի թեմային՝ Թուրքիայի նախագահը խորհուրդ է տվել WikiLeaks-ի թակարդը չընկնել. «Դա չպետք է ազդի մեր ներքին քաղաքականության վրա: Այդ հեռագրերը գրված են ամերիկացի դիվանագետների կողմից իրենց կենտրոնում: Դրանց մեջ կա և՛ ճշմարտություն, և՛ սուտ: Առկա են նաև նողկալի հեռագրեր, որոնք ցույց են տալիս այդ դիվանագետների մակարդակը»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ դա Միացյալ Նահանգների խնդիրն է, և պետությունը պետք է վերահսկի իր արխիվները: