Ինչպես հաղորդում է վրացական Новости-Грузия կայքը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ստեղծվում է շրջակա միջավայրի վերահսկողությամբ զբաղվող տեսչություն: Տեսչության ներկայացուցիչները պետք է իրենց ծառայությունն անցկացնեն հատուկ մեքենաներով` հսկելով Թբիլիսիի մայրաքաղաքի փողոցները: Նրանց մեքենաները հագեցված կլինեն տեխնիկայով, ինչը թույլ կտա ֆիքսել խախտումները:
Գործակալության փոխանցմամբ, եթե տեսչության ներկայացուցիչները հայտնաբերեն փողոցներում աղբ թափողի, ապա նա անմիջապես կտուգանվի 50 լարիով ($28), իրավաբանական անձանց համար այդ տուգանքը կկազմի 200 լարի ($113): Քաղաքացիական օրենսգրքում արդեն կատարվել են փոփոխություններ, ուր ներառվել են այնպիսի խախտումներ, ինչպիսին, օրինակ, աղբի դուրս նետումն է ավտոբուսների կամ երթուղայինների պատուհաններից: Տուգանքի է ենթարկվելու ոչ թե տվյալ փոխադրամիջոցի վարորդը, այլ աղբը նետած անձը: