Ինչպես փոխանցում է թուրքական Bianet գործակալությունը` հղում անելով թուրքական Hurriyet և Milliyet թերթերին, WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում ունի ատոմային զենք: Փաստաթուղթը թվագրված է 2009 թ. նոյեմբերի 12-ով: Դա Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մըրֆիի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի և Գերմանիայի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հյուսգենի մասնակցությամբ զրույցի արձանագրությունն է:
Փաստաթղթում ասվում է, որ չնայած Մերկելի հանդիմանությանը՝ արտգործնախարար Վեստերվելլեն պնդել է, որպեսզի այդ զենքը հանվի Գերմանիայի տարածքից:
Հյուսգենը տեղյակ է պահել սրա մասին: Գորդոնն էլ իր հերթին հարցրել է Հյուսգենին, թե արդյոք կոալիցիոն կառավարությունը (Գերմանիայի) պատրաստվո՞ւմ է հետևել երկրից միջուկային զենքը հանելու վերաբերյալ իր պահանջին: Հյուսգենը պատասխանել է. «Մենք նշել ենք, որ Գերմանիայում կա 20 միջուկային միավոր: Դա չի նշանակում, որ պետք է անմիջապես բոլորը հանել, քանի որ Ռուսաստանը դեռ ունի հազարարներով: Սա պետք է արվի երկկողմանի»։
Գորդոնն ասել է, որ դրա հետևանքը պետք է զգուշորեն գնահատվի: Հետագայում նա ասել է. «Եթե հանենք միջուկային զենքը Գերմանիայից, Բելգիայից և Հոլանդիայից, դժվար կլինի պահպանել Թուրքիայում մեր միջուկային պաշարները»:
Այս փաստաթուղթը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, քանի որ նախկինում էլ են բարձրացվել Թուրքիայում միջուկային զենքի առկայության հարցերը, սակայն ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Թուրքիայի պաշտոնատար անձինք դա չեն մեկնաբանել: Ենթադրություններ կան, որ դրանք պահվում են Ինջիրլիքի ռազմաբազայում: