«Առաջին լրատվականը» երեկ արդեն տեղեկացրել էր, որ WikiLeaks-ի փաստաթղթերով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրվում է շվեյցարական բանկերում հաշիվներ ունենալու մեջ: Նախորդ օրը Էրդողանն արդեն ասել է, որ եթե ամերիկացիները կարողանա ապացուցել դա, ինքը պատրաստ է հրաժարական տալ: Այսօր հայտնի է դարձել, որ նրա կողմից ղեկավարվող Արդարություն և զարգացում կուսակցությունը որոշում է ընդունել դատի տալ փաստաթղթերում նշված դիվանագետներին:
Էրդողանի ցուցումով, իշխող կուսակցության քաղխորհրդի նիստին որոշում է ընդունվել խոշոր դրամական պահանջի հայցով դիմել դատարան՝ ընդդեմ ամերիկյան դիվանագետների: Խոսքը վերաբերում է մասնավորապես Էրիկա Էդելմանին, ով իր «հեռագրերից» մեկում է նշել Էրդողանի բանկային հաշիվների մասին: Հայցը լինելու է Էրդողանի կուսակցության բոլոր անդամների կողմից, բայց միայն WikiLeaks-ի կողմից բոլոր փաստաթղթերի հրապարակումից հետո: Դատական հայցերը կարող են ներկայացվել ինչպես ամերիկյան դատարաններ, այնպես էլ Հաագայի միջազգային դատարան: