Կարծես թե պարզ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ակնհայտորեն անտեսել բանակի շուրջ բարձրացված հասարակական աղմուկը: Դրա վկայությունը թե՛ նախորդ օրը «Փոքր Մհեր» ռազմակրթական համալիր կատարած նրա այցելությունն էր, թե՛ նաև Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման ելույթում բանակին արված ծավալուն անդրադարձի մեջ որևէ մտահոգիչ բաղադրիչ չներառելու փաստը: Գուցե Սերժ Սարգսյանը համարում է, որ տոնական մթնոլորտում չարժե անդրադառնալ բանակային խնդիրներին, իսկ ահա դրանից հետո արդեն կարող է իսկապես զբաղվել այդ խնդրով:
Բայց դա, ըստ ամենայնի, շատ տեսական ենթադրություն է, որովհետև տոնը՝ տոն, բայց գերագույն գլխավոր հրամանատարն իրավունք չուներ այդքան երկար ժամանակ չարձագանքել հասարակությանը և որևէ հստակ դիրքորոշում չարտահայտեր այդ կապակցությամբ: Ավելին՝ նա նույնիսկ կարող էր վեր կենալ ու հայտարարել, որ ինքը անկախության տոնակատարություններից հետո լրջորեն անդրադառնալու է թեմային, և հասարակությանը կարող էր հորդորել, որ առժամանակ ձեռնպահ մնան հավելյալ մեկնաբանություններից ու ենթադրություններից: Բայց Սերժ Սարգսյանն ակնհայտորեն ցուցադրաբար անտեսում է հանրային մտահոգության պարագան, ինչը վկայում է, որ նա ասելիք չունի: Ավելին՝ ի տարբերություն նախորդ տարվա գրեթե նույն ժամանակահատվածի, երբ Սերժ Սարգսյանը դուրս եկավ և, ըստ էության, փորձեց հանրությանն ասել, թե որևէ փոփոխություն բանակում չի պատրաստվում կատարել և ընդհանրապես զզվում է բանակը քննադատողներից շատերից, այս անգամ Սերժ Սարգսյանը այդ բանն էլ չի անում: Նա լռում է:
Փաստը վկայում է, որ Սարգսյանն այդուհանդերձ հասկանում է ստեղծված իրավիճակի բարդությունը, հասկանում է, որ այլևս հնարավոր չէ հայտարարել բանակի հրամկազմին ուղղակիորեն աջակցելու և բանակային արատները քննադատողներից զզվելու մասին: Այլ կերպ ասած՝ նրա ներկայիս լռությունը հուշում է, որ իրավիճակի ընկալումներում և պատկերացումներում փոփոխությունն առկա է, և Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ չի կարող իրեն թույլ տալ հասարակությանն արձագանքել այնպես, ինչպես մեկ տարի առաջ: Բայց միևնույն ժամանակ էլ նա իրեն չի կարողանում թույլ տալ արձագանքել այնպես, ինչպես համանման իրավիճակներում, նման տագնապալի լրահոսի պայմաններում պետք է արձագանքի գերագույն գլխավոր հրամանատարը, ինչը նրանից ակնկալում է բանակին զինվոր տված կամ զինվոր տալու պատրաստվող ծնողը: Նա ակնհայտորեն երերում է այդ ծնողի և իշխանություն վերարտադրող գեներալի միջև, և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ընտրություն կատարել, կամ էլ կատարել է ընտրությունը, բայց կա՛մ ծնողին, կա՛մ գեներալին չի համարձակվում ասել այդ ընտրության մասին: Իսկ մինչ գերագույն գլխավոր հրամանատարը տատանվում է՝ բանակի ամենակուլ մթնոլորտը, դժբախտաբար, շարունակաբար ընտրում է իր զոհերին ու չի վախենում ի ցույց դնել իր ընտրությունը: