Սեպտեմբերի 27-29-ը Ալեքսանդրիայի Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ` եռամյա միջազգային սիմպոզիումը:
Սիմպոզիումին մասնակցելու է նաև Հայաստանը՝ ի դեմս Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանի, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանի:
Սիմպոզիումի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ:
Ալեքսանդրինա գրադարանում հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված՝ կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նմուշներ Մատենադարանի ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներից: