ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ կա «Ընտրական օրենսգիրքը» միջազգային փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջոցով բարելավելու անհրաժեշտություն: Նա նշեց, որ, եթե չլինի քաղաքական կամք, ապա, որքան էլ այդ օրենսգիրքը բարեփոխվի, խախտումներ կլինեն անպայման: Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ «Ընտրական օրենսգրքում» ավելացվել է դրույթ, համաձայն որի` ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պարտավոր է ստորագրել ընտրական հանձնաժողովի նախագահի հրապարակած երդման տեքստի տակ: Այդ երդման տեքստով էլ ընտրական հանձնաժողովի անդամը պարտավորվում է իր գործունեությունն իրականացնել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ որպես ընտրագրավ սահմանվել է նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկ չափը: Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ պետք է փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ ուժեղացնել պետության դերը: ՀՀԿ անդամը նշեց, որ հանձնաժողովները ձեւավորելու հարցում պետք է մեծացնել նաեւ ՀՀ Նախագահի դերը: Առաջարկված փոփոխություններով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է նշանակի ՀՀ Նախագահը, իսկ ԿԸՀ տեղակալին եւ քարտուղարին պետք է ընտրի հանձնաժողովը` ձայների մեծամասնությամբ: