ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում ԼՂ հարցի առնչությամբ որևէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը չի բացառում, սակայն, ըստ նրա, կա չափազանց վտանգավոր հանգամանք. «Ցավոք, իրադարձություններն այնպես են զարգացել, որ երբ ասում են, թե ԼՂ կոնֆլիկտը պետք է շուտափույթ լուծվի, ապա նրանք ի նկատի ունեն փախստականների վերադարձ, տարածքների վերադարձ, հայկական ուժերի դուրս բերում անվտանգության գոտուց, և որևէ մեկն այսօր չի խոսում ԼՂ-ում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքի մասին: Ահա սա է վտանգավոր և նույնիսկ եթե Աստանայում առաջին հայացքից մի լղոզված փաստաթուղթ ընդունվի, որ պետք է շուտափույթ լուծվի ԼՂ հարցը և բոլորը պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրեն, ապա այդ փաստաթուղթը վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև այդ փաստաթղթում ինքնորոշման իրավունքը չի ամրագրվելու»:
Իգիթյանի կարծիքով, նույնիսկ եթե վատ փաստաթղթի դեպքում Հայաստանն օգտագործի իր վետոյի իրավունքը, դա որևէ ձևով չի փրկի իրավիճակը, քանզի ստացվում է, որ համարյա վեց տասնյակ երկրների մեջ Հայաստանը մեկ բարեկամ երկիր չունի. «Ոչ թե Հայաստանը պետք է վետո կիրառի, այլ իր բարեկամ որևէ երկիր, նրա դաշնակիցը: Այսօր նման երկիր Հայաստանի կողքին չկա, նույնիսկ Ռուսաստանը, որին Հայաստանն ամեն ձևով տրվում է, որևէ խոսք չի հնչեցնի Հայստանի օգտին, հենց դա է վտանգավոր»:
Իսկ խոսակցությունները, թե հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը վտանգ տեսնելու դեպքում նաև Աստանա չգնա, ինչպես Լիսաբոն չգնաց, Իգիթյանը իրատեսական չի համարում. «Ես գիտեմ, որ գնալու է, և ես գիտեմ, որ Ռուսաստանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը չգնա Ղազախստան, որովհետև Ռուսաստանն այնտեղ Հայաստանի աջակցության կարիքն ունի: Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը որոշեր չգնալ, ապա նա գնալու էր, որովհետև Ռուսաստանն է այդպես ուզում»: