Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե′ բազմակողմ, թե′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան – Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: