Թերթերից մեկը օրերս դիտարկում էր ներկայացրել, որ ազատամարտիկներն էլ, անկախ քաղաքական հայացքներից, պետք է միավորվեն և պահանջեն քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատությունը` հաշվի առնելով, որ վերջինս ունի առողջական խնդիրներ: Որպես օրինակ էլ նշվել էր, թե ինչպես են տարբեր ԶԼՄ-ներ, անկախ իրենց հայացքներից և միմյանց նկատմամբ ունեցած տարաձայնություններից, պայքարում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատության համար: «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե արդյոք երկրապահները պատրաստվում են ակցիաներ անել ի պաշտպանություն իրենց` անազատության մեջ գտնվող ընկերների: Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: «Համենայնդեպս, եթե որևէ բան կազմակերպեին, ես կիմանայի»,- ասաց նա: ԵԿՄ լրատվության և քարոզչության պատասխանատու Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ այդ մասին ինքը պարզաբանումներ կտա ավելի ուշ: