Ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Standard & Poor’s վարկանիշային գործակալության նկատմամբ: Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը կասկածում է, որ ընկերության աշխատակիցները չարաշահել են իրենց տեղեկացվածությունը և կարևոր ներքին տվյալներ վաճառել. տեղեկացնում է Financial Times պարբերականը:
Standard & Poor’s-ն իջեցրել էր ԱՄՆ վարկային վարկանիշը ААА-ից` АА+: Տվյալներ կան, որ այդ մասին տեղեկությունը փոխանցվել է որոշ շահագրգիռ մարմինների: Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի ներկայացվեն բոլոր այն աշխատակիցների անունները, ովքեր տեղյակ էին կայանալիք իջեցման մասին:
Ի դեպ, նախագահ Օբաման ի պատասխան Standard & Poor’s-ի քայլի հայտարարել է, որ իր երկիրը միշտ AAA վարկանիշով երկիր է լինելու: