«Մեզ սպասվում է կատաստրոֆիկ իրավիճակ` բացահայտ սով»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Արսեն Պետրոսյանը: Ըստ նրա՝ հայրենական արտադրության` մի քանի տոկոս աճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերը իրականությանը չեն համապատասխանում: «Մենք այսօր իսկ ունենք թերսնում, ժողովրդի անվճարունակություն: Մեզ մոտ ապրանքաշրջանառության 70-80%-ը կատարվում է տրանսֆերների հաշվին, որոնց ավելի քան 60%-ը ծախսվում է միայն սննդի վրա: Այսինքն՝ այսօր մենք ունենք սննդի համար անվճարունակության լինելու խնդիր: Սա գունազարդում չէ: Մարզերում ավելի խայտառակ վիճակ է. անկումը ոչ թե 16-17% է, այլ 50-60% : Օրինակ` ՀՀ Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների 60%-70%-ը ուղղակի բերք չի ստացել, ոչ թե պակաս է ստացել, այլ ընդհանրապես չի ստացել»,- նշեց տնտեսագետը: