Այս տարի մշակվող հողատարածքները մոտավորապես 50 տոկոսով կրճատվել են, ինչը նպաստել է տվյալ հողերում կակաչների աճին, մասնավորապես, Արմավիրում և Արարատում: Այս մասին բարձրաձայնեց ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Երբ հողերը չմշակվեցին, մենք տեսանք կակաչների դաշտեր, մասնավորապես, Արմավիրում և Արարատում: Իսկ պատճառն այն է, որ գյուղացին չկարողացավ գումար ձեռք բերել հողը մշակելու համար: Այն, որ ասում են՝ չի ուզում մշակել և այլն, հեքիաթ է: Ամեն մարդ էլ կցանկանա իր հողը մշակել, նույնիսկ ինչ-որ չնչին շահույթ ստանալու դիմաց: Գյուղացին փող չուներ, վարկային ռեսուրսներն էլ ճիշտ չբաշխվեցին, որ կարողանա իր հողը մշակել: Բայց այս տարի հակաճգնաժամային ծրագրի արդյունքում 500 հեկտարի սերմը անվճար կբաժանենք և կտեսնեք` ոնց կցանեն»,-բարձրաձայնեց Հրաչ Բերբերյանը: