Փաստաբան, Երևանի Բուզանդի փողոցից և Հյուսիսային պողոտայից վտարված քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Վահե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահին կա մոտ քսան գործ, որոնք վերաբերում են վտարված քաղաքացիների ոտնահարված իրավունքներին: Ըստ Վահե Գրիգորյանի` թեև երեք գործերի քննությունն արդեն ավարտվել է, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ, համաձայն որի` առկա է իրավունքի խախտում, սակայն դեռևս չի որոշվել ՀՀ քաղաքացիներին փոխհատուցվելիք գումարի չափը: Վահե Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այժմ ՄԻԵԴ-ում գտնվող մոտ տասը գործ հաղորդակցման փուլում են: