Ավտոմեքենաների պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիսների (ԱՊՊԱ պայմանագրեր) որոշ սակագներ Ավտոապահովագրողների բյուրոյի խորհուրդը անցած շաբաթվա նիստում վերանայել է: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Մասնավորապես, բեռնատարները բաժանվել են 2 մասի` մինչև 80 ձիաուժ ունեցող և դրանից ավելի, որոնց համար սահմանվել են տարբերակված սակագներ: Բացի այդ, եթե նախկինում կցորդի համար առանձին պայմանագիր էր կնքվելու, ապա այսուհետ կցորդները կհամարվեն հիմնական մեքենայի համար ռիսկի գործոն և ըստ այդմ պոլիսի արժեքը կբարձրանա 3-11 հազար դրամի չափով` կախված կցորդից: Այս փոփոխությունները, ինչպես նշեց Վ. Գաբրիելյանը, արվել են «հօգուտ ավտոմեքենաների սեփականատերերի»: