Google ընկերությունը գործարկում է Page Speed Service ծառայությունը, որը թույլ կտա արագացնել կայքէջերի ներբեռնումը: Այն նախատեսված է կայքերի սեփականատերերի համար: Գրանցվելուց հետո կայքը մտնում է Google-ի համակարգի մեջ, և ներբեռնումն իրականացվում է Google-ի սերվերների միջոցով:
Բայց մինչ այդ, կայքի սեփականատերը պետք է հաստատի, որ կայքն իրոք իրեն է պատկանում: Դրանից հետո անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել DNS գրառման մեջ: Կայքէջերի ներբեռնման վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ կայքի բովանդակությունը, օգտատիրոջ կողմից կիրառվող բրաուզերը, օգտատիրոջ գտնվելու աշխարհագրական կոորդինատները: Google-ում ասում են, որ հնարավոր է ապահովել կայքերի ավելի արագ ներբեռնումը 25-60%-ով:
Page Speed Service ծառայությունը տրամադրվելու է միանգամայն անվճար, սակայն սահմանափակ քանակությամբ կայքերին: Այնուհետև ընկերությունը կհայտարարի վճարովի ծառայության մասին, որը, սակայն, այնքան էլ թանկ չի լինի: