Շատ տնտեսագետներ նշում են, որ ՀՀ ներկայիս բյուջեն նախանշան է 2012թ. դեֆոլտի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այդ կարծիքի հետ համամիտ չէ. «Բացարձակապես հիմնավորված չէ դեֆոլտի հետ կապված խնդիրը: Այսինքն՝ ի՞նչ, 2012-ին մենք դրամի կտրուկ ա՞ճ ենք ունենալու: Դեֆոլտը դա է»:
Այվազյանը համոզված է, որ գալիք տարում ՀՆԱ-ի աճն ավելի բարձր է լինելու, որովհետև մեր տնտեսության գոնե երկու ոլորտ` շինարարությունն ու գյուղատնտեսությունը, արդեն այն մակարդակին են հասել, որ ՀՆԱ-ի 2.4 տոկոսն ապահովել են:
Հնարավոր է, ըստ պատգամավորի, որ հաջորդ տարի Հայաստանի ցուցանիշները հավասարվեն, ասենք, 2008թ. տվյալներին, իսկ գնաճի առումով էլ Վ.Այվազյանը մատնանշում է համաշխարհային շուկայում առկա միտումները, որոնք էլ թելադրում են սննդամթերքի գների բարձրացումը: Այվազյանը համաձայնեց, որ սննդամթերքի գների աճն ակնհայտ է. «Բայց այստեղ նաև իր դերակատարումն ունի այն, որ մենք թույլ ենք տվել օլիգոպոլիաներ կամ գերիշխող դիրքի առկայություն, ինչն էլ խնդիրներ է առաջացնում»: