Ինչպես հայտնում է Грузия Online-ը, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանն ակնկալում է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսություն: «Վրաստանի ԱԳՆ-ը հույս ունի, որ Վրաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության մեկնարկի հիմք կհանդիսանա»,- հայտարարել է Նինո Կալանդաձեն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում: Նա ասել է. «Մենք հույս ունենք, որ այդ հայտարությունը համարժեք արձագանք կստանա միջազգային հանրության կողմից և հույս ունենք, որ այն համարժեքորեն կընդունվի ռուսական կողմից և այն երկխոսության մեկնարկի հիմք կդառնա»: Կալանդաձեն շեշտել է, որ Վրաստանը պատրաստ է միակողմանի պատասխանատվություն կրել անգամ Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի, փախստականների և մարդու իրավունքների խախտումների առկայության պայմաններում: