Վրաստանյան նոր ընդդիմադիր կուսակցությունը այսօր ժամը 15.00-ին հիմնադիր համագումար կանցկացնի: Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend-ը, կուսակցության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ հիմնադիր համագումարում հայտնի կդառնա կուսակցության ղեկավարի և կուսակցության ղեկավար մյուս ներկայացուցիչների անունները, ինչպես նաև կուսակցության պատվիրակներին կներկայացվի կուսակցության հետագա գործունեության ծրագիրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում` «Շերատոն Մետեխի պալաս» հյուրանոցում, տեղի էր ունեցել նոր «Վրացական կուսակցության» շնորհանդեսը, որը հիմնել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, Վրաստանի նախկին ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին, «Պաշտպանիր Վրաստանը» հասարակական շարժման առաջնորդ Լևան Գաչեչիլաձեն և շարժման անդամ Կոկա Գունցաձեն:
Կուսակցության առաջնահերթությունները, ըստ վրաց ընդդիմադիրների, եվրոպական կառույցներին ինտեգրվելն է, հարևան երկրների նորմալ հարաբերությունները, ներքին կայունությունը, հավասարությունը, ազատ և արդար ընտրությունները, տնտեսական կայուն զարգացումը, Վրաստանի քաղաքացիների սոցիալական ապահովությունը: Հոկտեմբերի 15-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին «Մաեստրո» հեռուսատաընկերության եթերում հայտարարել էր իշխանության դեմ պայքարի նոր փուլի մեկնարկի մասին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի նախկին զինակիցը այժմ գտնվում է Ֆրանսիայում` քաղաքական վտարանդու կարգավիճակում: