«Աբխազ և օս ժողովուրդների հետ սոցիալական, տնտեսական և քաղաքական կապերի վերականգնումը հնարավոր է, թեպետ դա դյուրին գործ չի լինելու»,- վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վերաինտեգրացման հարցերով նորանշանակ պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին:
Վրաստանի նախարարների կաբինետում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում Տկեշելաշվիլին` Անվտանգության ազգային խորհրդի նախկին քարտուղարը, անցած շաբաթվա վերջին պետնախարարի պաշտոնում փոխարինել է Թեմուր Յակոբաշվիլիին: «Կորսված կապերի վերականգնումը դյուրին գործ չի լինելու, և ոչ ոք պատրանքներ չունի, որ դա կարող է տեղի ունենալ մեկ օրում: Ես իմ անձնական փորձն ունեմ. կիսով չափ հասակ եմ առել Աբխազիայում, ուստիև խորապես հավատում եմ, որ այդ կապերը կարող են վերականգնվել, և դժվարությունները մեզ չպետք է վախեցնեն»,- նշել է պետնախարարը: Տկեշելաշվիլին ասել է, որ նոր պաշտոնը մեծ պատասխանատվություն է իր համար: