«Այդպիսի բան չկա, դրանք սուտ լուրեր են: Ես ոչ մի կապ չունեմ «Միկա ցեմենտ»-ի հետ»,- «Առաջին լրատվական»ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Արա Օսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ «բետոնի գործ» է անում, «Միկա ցեմենտ»-ից, «Արարատ-ցեմենտ»-ից էլ ցեմենտ է գնում և օգտագործում բետոնի արտադրության մեջ: Ավելի ուշ, երբ սկսվեց Միկա Բաղդասարովի անկման գործընթացը, լուրեր շրջանառվեցին, որ Արա Օսկանյանը ձեռք է բերել «Միկա ցեմենտ»-ը: «Ոչ, էդպիսի բան չկա: Ես բետոնի գործ եմ անում, և բետոնի գործ անելը որևէ կապ չունի «Միկա ցեմենտ»-ի հետ: Գործարան գնելն ու բետոնի գործ անելը լրիվ տարբեր հասկացություններ են»,- ասաց կրտսեր Օսկանյանը: Վերջինից հետաքրքրվեցինք նաև, թե հաջողվե՞լ է հավաքել այն գումարը որն անհրաժեշտ էր քաղաքականություն մտնելու համար, սակայն նա անջատեց հեռախոսը՝ ասելով, թե հանդիպման է:
Նշենք, որ այդ նույն հարցազրույցի ժամանակ, նա ասել էր, որ բետոնի գործ է անում, փող հավաքի, որ քաղաքականություն մտնի: