Ս.թ. նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մասարու Վատանաբեն:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ. իրավապայմանագրային դաշտի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական համագործակցության, առևտրատնտեսական կապերի խրախուսման, մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Ճապոնացի դիվանագետների խնդրանքով ներկայացվեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ճապոնական կողմը հայտնեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Խորհրդատվությունների ավարտից հետո Ճապոնիայի պատվիրակության ղեկավարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես եկավ «Արևելյան Ասիան և Ճապոնիան» թեմայով դասախոսությամբ: